Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունել է Ժողովրդավարության և անվտանգության դպրոցի ունկնդիրներին:
Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Դպրոցի ունկնդիրներին՝ հանդիպումը նախաձեռնելու համար և հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում անդրադարձել է պետական շահերի պաշտպանության և ապօրինի գույքի վերադարձի ուղղությամբ Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին, դրանց արդյունքներին, դատախազական ներգործության արդյունքում պետությանը վերադարձված գույքերին, բարեվարքությանն ու կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությանը:
Հանրապետության գլխավոր դատախազը, ներկայացնելով Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ Դատախազության աշխատանքները, ընդգծել է, որ 2025 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից հասցեագրվել է 5 միջնորդագիր: Միջնորդագրերից բացի, կատարված ուսումնասիրության արդյունքում, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Գլխավոր դատախազն ընդգծել է, որ ապամոնտաժման աշխատանքները փաստագրվում են, և այս տարեվերջին կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը Դատախազության կողմից կներկայացվի հանրությանը:

















