Tribune.am-ը ստացել է անանուն նամակ, որում բարձրաձայնվում են մտահոգություններ Վանաձորի Ազատ Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի ընթացքի վերաբերյալ։ Նամակի հեղինակների պնդմամբ՝ մրցույթը չի ընթանում թափանցիկ պայմաններում և փաստացի արգելափակված է այլ հավակնորդների համար։
«Վանաձորի Ազատ Խլղաթյանի անվան թիվ 18 միջն. դպրոցում տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթն ընթանում է ֆորսմաժորային իրավիճակում, ավելին՝ փաստացի արգելափակված է այլ հավակնորդների համար՝ ներկայիս տնօրենի Պ/Կ Լուսինե Խլղաթյանի կողմից, ով բացահայտորեն հայտարարում է. «սա իմ պապի դպրոցն է, ես պիտի տնօրեն լինեմ, ոչ ոք չխանգարի, ինձ համար ասված է, վերեւներում խոսացած է»։
Անհանգստացնող է, որ Լուսինե Խլղաթյանի «աշխատանքային» գործունեությունը հենվում է անձնական կապերի եւ վերեւների աջակցության վրա։ Մեզ հասած տվյալների համաձայն՝ Խլղաթյանը հայտարարում է, որ իր գործին իրենց ուղիղ միջամտություն ունեն կրթության փոխնախարար Արաքսյա Սվաճյանը, ՎՊՄՀ նորանշանակ ռեկտոր Արմեն Ծատուրյանը, Վանաձոր քաղաքի քաղաքապետ Արկադի Փելեշյանը։ Այսօրվա իրավիճակը չի կարող շարունակվել. ծնողները, ուսուցիչները եւ համայնքը կանգնած են կրթական անվտանգության խախտման, թափանցիկության բացակայության առջեւ։
Հասարակությանը կոչով եւ պահանջով՝ միակ լուծումը՝ անհապաղ միջամտել Վանաձորի թիվ 18 դպրոցի տնօրենության մրցույթի հարցում, ապահովել թափանցիկ եւ արդար մրցույթ, հեռացնել անձնական շահերի ազդեցությունը եւ վերականգնել դպրոցի բնականոն ու անվտանգ կրթական միջավայրը։ Անհրաժեշտ է, որ կրթական հաստատությունները մաքրվեն անձնական շահերից»։
Հետգրություն․ Tribune.am-ը պատրաստ է հրապարակել նաև Վանաձորի Ազատ Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենի՝ Լուսինե Խլղաթյանի դիրքորոշումն ու պարզաբանումները նշված հարցերի վերաբերյալ։

















