Երևանին ձեռնտու է ԵԱՏՄ-ում լինելը, Մոսկվան հուսով է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից չի հրաժարվի ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատճառով, որոնք միայն ներդրումներ և «լուսավոր ապագա» են խոստանում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Մոսկվայի և Երևանի հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ ԵԱՏՄ-ն ձեռնտու է Երևանին և ակնհայտը դիտարկելու համար պետք չէ լինել տնտեսության կամ քաղաքականության ոլորտի փորձագետ. մեծ մասամբ հենց դրա շնորհիվ է, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են ցուցադրում, ինչով քչերը կարող են պարծենալ», – ասել է նա:
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Երևանի որդեգրած կուրսը՝ դիվանագետը նշել, որ Հայաստանն «ընկել է Արևմուտքի երկրների ծուղակը»։
«Այստեղ մեր գործընկերներն ակնհայտորեն ընկել են իրենց ներդրումներ, տեխնոլոգիաներ ու պայծառ ապագա խոստացած Արևմուտքի ծուղակը։ Նման մոտեցումն արդեն բազմիցս կիրառվել է հետխորհրդային տարածաշրջանում, իսկ թե ինչ է ստացվում դրանից, բոլորը շատ լավ գիտեն»,- հավելել է նա։