Մոսկվայում հունվարի 10-ին գրանցվել են վերջին 56 տարվա ընթացքում ամենառատ ձյան տեղումները։ Այս մասին հայտնել է օդերևութաբան, տեխնիկական գիտությունների թեկնածու Եվգենի Տիշկովեցը։
Նրա խոսքով՝ ընդամենը մեկ օրվա ընթացքում տեղացել է ամսական նորմայի շուրջ 42 տոկոսը, ինչի հետևանքով այսօր կաթվածահար են եղել ինչպես ցամաքային, այնպես էլ օդային տրանսպորտային հաղորդակցությունները Ռուսաստանի մայրաքաղաքում։
Այսօրվա տվյալներով, Մոսկվայում թարմ ձյան շերտի օրական միջին աճը կազմել է 23 սանտիմետր։ Մոսկվայի մարզում՝ Կոլոմնայում և Մոժայսկում, նույն օրը տեղումները գրանցվել են աննախադեպ քանակությամբ։
Նոր Մոսկվայում՝ Վնուկովոյում, այսօր տեղումների քանակը կազմել է 32 մմ։ Դոլգոպրուդնին դարձել է Մոսկվայի մարզի ռեկորդակիրը՝ ստանալով 33 մմ ձյուն, ինչը կազմում է հունվարյան միջին ցուցանիշի 62 տոկոսը։
Տիշկովեցի տվյալներով՝ Մոսկվան մինչ օրվա ավարտը կմնա թուլացող «Ֆրենսիս» ցիկլոնի ազդեցության տակ, որի կենտրոնը կշարժվի Սմոլենսկի մարզի տարածքով։

















