ԱՄՆ-ն ընդլայնում է անվտանգության հարցերով իր ներգրավվածությունն Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ակնկալում է, որ ռազմական դաշինքը նույնպես կմեծացնի իր ներգրավվածությունը՝ սատարելով Վաշինգտոնին «հավաքական ուժի ցուցադրման» գործում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Japan Times պարբերականը թեմայի շուրջ զրուցել է Ռյուտեի հետ՝ Ճապոնիա նրա այցի նախաշեմին։
Ռյուտեն նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն «ավելի շատ ներգրավված լինի» տարածաշրջանում։
«Երբ հարցը վերաբերում է այն բանին, որ ՆԱՏՕ-ն որպես դաշինք ավելի ներգրավվի Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այս հարցի շուրջ ընդհանուր համաձայնություն կա», – ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև պարզաբանել է, որ խոսքը չի վերաբերում դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածի գործողության ընդլայնմանն ասիական դաշնակիցների վրա։
ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածը նախատեսում է, որ դաշինքի մեկ կամ մի քանի երկրների վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում ամբողջ դաշինքի վրա: Ընդ որում, յուրաքանչյուր պետություն պարտավորվում է իրականացնել պատասխան գործողություններ։