Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է՝ Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի։
«Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում «Al Jazeera»-ին և «Euronews»-ին՝ պնդելով, թե ԱՄԷ-ում՝ Դուբայում հրթիռակոծության հետևանքով վնասվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող անշարժ գույքը։
Հայտարարում եմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի։
Տեսանյութերում շրջանառվող բոլոր թվերը, «արժեքները», ինչպես նաև իմ՝ վարչապետի խոսնակի, անունից ներկայացվող մեկնաբանությունները ամբողջությամբ հորինված են և չեն համապատասխանում իրականությանը։
Նախընտրական այս շրջանում գործ ունենք դասական FIMI (Foreign Information Manipulation and Interference) մեխանիզմի հետ, որտեղ կիրառվում են մի քանի բնորոշ գործիքներ՝ կեղծ վերագրում (false attribution)՝ հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներին («Al Jazeera», «Euronews»)՝ նյութին վստահելիության կեղծ տպավորություն հաղորդելու նպատակով։ Ինչպես միշտ նույնաբովանդակ նյութերի միաժամանակյա շրջանառումը տարբեր անանուն հաշիվներից, բոտային և կիսաբոտային ցանցերի միջոցով արագացված տարածումը՝ թեմային արհեստական «թափ» հաղորդելու նպատակով է արվում։
Այս օրերին արձանագրել ենք համակարգված ակտիվացում՝ նույն տեքստերի, նույն ձևակերպումների և սինխրոն մեկնաբանությունների զանգվածային կրկնությամբ, ինչը վկայում է կոորդինացված տեղեկատվական միջամտության մասին»,- նշել է Բաղդասարյանը։

















