ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ արձանագրված մեծաթիվ խախտումների պայմաններում, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է փաստաբանի ծառայություններից` համարելով, որ մեկ է` նրա առկայության պայմաններում էլ իր իրավունքները խախտվում են:
Ալիև-Փաշինյան ջերմացող հարաբերությունների ֆոնին, ադրբեջանական բանտում հայեր են տառապում, իսկ ՀՀ-ի գլխին՝ ագրեսորի և ռազմական հանցագործի պիտակ կարվում:
Այս իրավիճակին զուգահեռ հայաստանյան բանտերն են համալրվում Փաշինյանի իշխանության ընդդիմախոսներով: Նիկոլը թուրքերի ու ադրբեջանցիների գործած հանցանքները վաղուց է ներել, բայց իր տեսակետները չկիսող անձանց՝ անձնական թշնամի հռչակել:
Նախկին նախագահներ, հոգևորականներ, բարերար, պատգամավոր և տասնյակներով անձինք, ովքեր որևէ պայմաններում ոչ միայն չեն կիսում գործող ռեժիմի դիրքորոշումները, այլև պայքարում են երկրի և մեր քաղաքացիների շահերն առաջ մղելու համար:
Մասիսի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի վճիռն էլ ամբողջացնում է իշխանության` ամեն գնով իշխանություն պահելու և համակարգը յուրայիններով լցնելու քաղաքական կուրսը:
Հ․Գ. Թեպետ որոշ գործիչներ, ակտիվ քաղաքացիներ այս պահին բանտում չեն, սակայն նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են»։

















