Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ծինփինը տեսակապի միջոցով բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է interfax.ru-ն։
«Նոր տարում պատրաստ եմ Ձեզ հետ նոր մակարդակի հասցնել չին-ռուսական հարաբերությունները և դիմակայել արտաքին անորոշությանը` չին-ռուսական հարաբերություններում կայունության և սթրեսադիմացկունության պահպանման հիման վրա՝ հանուն բոլոր երկրների զարգացման և բարգավաճման, միջազգային արդարության և հավասարության», – ասել է Սի Ծինփինը:
Չինաստանի ղեկավարի խոսքով՝ «չին-ռուսական հարաբերությունները, որոնց առանցքը հավերժ բարիդրացիությունն ու բարեկամությունն են, համապարփակ ռազմավարական փոխգործակցությունը, փոխշահավետ համագործակցությունն ու փոխշահավետությունը, նոր կենսունակություն են ձեռք բերում»։
Պուտինն իր հերթին ընդգծել է, որ Մոսկվայի և Պեկինի տեսակետները համընկնում են այն հարցում, թե «ինչպիսին պետք է լինեն հարաբերությունները խոշոր տերությունների միջև», գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ռուսաստանի և Չինաստանի համատեղ աշխատանքն օբյեկտիվորեն կարևոր կայունացնող դեր է խաղում միջազգային հարաբերություններում»,- ասել է նա։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը և Չինաստանը համատեղ հանդես են գալիս ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի կառուցման օգտին: Նա հավելել է, որ Ռուսաստանը և Չինաստանը աշխատում են Եվրասիայում և ամբողջ աշխարհում անբաժանելի անվտանգության ապահովման շահերից ելնելով։