Այսօր Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում հանդես է եկել անհիմն և վիրավորական հայտարարություններով՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորներին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Դատելով հնչեցված արտահայտություններից՝ այդ ճեպազրույցը դժվար է որակել այլ կերպ, քան փաստերի աղավաղում և անպատասխանատու կեցվածք։
Անհասկանալի է, թե ինչու է համայնքային խնդիրներով զբաղվելու փոխարեն ավագանու անդամը իր պաշտոնական դիրքն օգտագործում եկեղեցական կառույցի նկատմամբ պիտակավորող և անփաստարկ պնդումներ տարածելու համար։ Երբ լրագրողները փորձեցին ճշտել ներկայացված տեղեկությունները, տիկինը չկարողացավ բերել որևէ հիմնավորում, ինչը վկայում է նման խոսքի մակերեսայնությունն ու միայն «մի բան ասած լինելու» իշխանահաճ մղումը։ «Տերտերները բիզնեսմեններ են» արտահայտությունը ոչ միայն անհիմն է, այլև նույնքան անպատշաճ, որքան եթե մեկն ասեր՝ «ավագանու անդամները անբարոյական վարք են դրսևորում»։ Որևէ դաստիարակված անձ պիտի իմանա, որ ընդհանրական և պիտակավորող հայտարարությունները վիրավորում են բազմաթիվ մարդկանց, այս դեպքում՝ նրանց կրոնական զգացումները, ինչպես նաև իրենց կյանքը հոգևոր ծառայությանը նվիրած եկեղեցականներին։
Խաչատրյանը նշում է, որ եկեղեցի է գնում, մոմ է վառում, բայց չի ընդունում Կաթողիկոսին։ Յուրաքանչյուր ոք կարող է ունենալ իր կարծիքը, և եթե չի տիրապետում ճիշտ տեղեկությունների, կարող է օգտվել լռելու իր իրավունքից։ Սակայն քրիստոնեական հավատքի տրամաբանության մեջ անկարելի է լինել Եկեղեցու մի մասը՝ միաժամանակ մերժելով նրա Նվիրապետությունը։ Մոմ վառելը, այո, բարեպաշտական սովորություն է, սակայն հավատքը դրանով չի սահմանափակվում։ Այդ սովորությունը, կարող ենք ասել, որ հավատքի կյանքի ճանապարհի միայն սկիզբն է, որտեղից այն կողմ այս տիկնոջը տեսնող չի եղել։