ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Starbucks-Alshaya Group Eurasia ընկերության փոխնախագահ Ֆիգեն Իլգազին և անշարժ գույքի գծով տնօրեն Հանզադե Կուղուին՝ Starbucks-ի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությունները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանն ու «Enterprise Armenia»-ի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը։
Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են Starbucks-ի առաքելությունը, նշելով, որ խոշորագույն այս ցանցը այսօր ներկայացված է շուրջ 86 երկրում, ունի 40 հազարից ավել սուրճի կետեր և հետաքրքրված է ընդլայնել իր գործունեությունը տարածաշրջանում։
Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանի սրճարանային ոլորտի զարգացման հնարավորությունները՝ անդրադառնալով ոլորտում առկա ներուժին, ենթակառուցվածքների կատարելագործման հնարավորություններին, Հայաստանում սուրճի սպառման շուկայի առանձնահատկություններին և աճի միտումներին։
«Բարձրորակ միջազգային ներդրումների ներգրավումը Հայաստանի համար առաջնահերթություն է, և մենք Ձեր այցելությունն արժևորում ենք որպես խոստումնալից քայլ այդ ուղղությամբ։ Հայաստանը առաջարկում է կայուն, բաց և բարեփոխումներին միտված բիզնես միջավայր՝ հենված երիտասարդ և բարձր կրթական ներուժ ունեցող մարդկային ռեսուրսների, զբոսաշրջության ոլորտի շարունակական աճի, ինչպես նաև դինամիկ զարգացող և մրցունակ սպառողական շուկայի վրա», — նշել է Գևորգ Պապոյանը։
Հանդիպման ընթացքում նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերության ներկայացվածությանը հայկական շուկայում՝ ընդգծելով, որ այդ քայլը մեծապես կնպաստի նաև մեր երկրում զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։