Դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրվող Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի կալանավորման ժամկետը։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում։ Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում, իր նորակառույց տան մոտ, սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նույն միջադեպի ընթացքում սպանվել է նաև քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն էր և դեպքի պահին նրա հետ գտնվել է ոչ ծառայողական պարտականությունների շրջանակում։
Դեպքի հետևանքով վիրավորում է ստացել նաև Արծրուն Գալստյանը, որը տեղափոխվել է հիվանդանոց՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Քննչական տվյալների համաձայն՝ սպանությունը կատարել է դիմակավորված և ձեռնոցներով անձը, որը մոտեցել է տան մոտ կանգնած Գրիգորյանին և նրա ուղեկիցներին ու դիմահար կրակահերթ արձակել։
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (երկու դրվագ՝ սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի ապօրինի շրջանառություն) հատկանիշներով։
Գործով մեղադրյալներ են ճանաչվել 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը։ Երկուսն էլ շարունակում են մնալ կալանքի տակ։

















