Փարիզում ոստիկանությունը նետում է լուսաձայնային նռնակներ, հարվածում մահակներով և զենքեր ուղղում ցուցարարների վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Իրավապահ մարմինների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունենում, մասնավորապես՝ Նացիայի հրապարակում, որտեղ Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքող հազարավոր ցուցարարներ ավարտել են իրենց երթը։ Ոստիկանության կողմից նետված լուսաձայնային նռնակները պայթում են ցուցարարների անմիջական մոտակայքում, և ոստիկանները շարժվում են դեպի այն ցուցարարները, որոնք տապալվել կամ պառկած են մայթին։
Մի ցուցարար, որը բարձրացրել էր ձեռքերը ոստիկանի առջև, հարված է ստացել մահակով։ Մեկ այլ ոստիկան նռնականետը ուղղել է ցուցարարների խմբի վրա՝ լուսաձայնային կրակոցներ արձակելու համար։
Հինգշաբթի օրը Ֆրանսիայում տեղի է ունենում համազգային ցույց՝ երկրի խոշորագույն արհմիությունների կոչից հետո։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործում է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Անվտանգության ուժերի գործողություններից վիրավորվել են որոշ ցուցարարներ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ամբողջ երկրում փողոցներ է դուրս եկել 600,000 մարդ։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվեցին սեպտեմբերի կեսերին, երբ ավագ դպրոցի աշակերտները դուրս եկան Փարիզի արվարձանների փողոցներ: Ավելի ուշ նրանց միացան նաև երկրի ողջ տարածքում գների աճից դժգոհները, և բողոքի ցույցերը տարածվեցին այլ շրջաններում:

