Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Սահմանադրական դատարանի նախագահը երեկ հայտարարել է՝ Հայաստանի Մայր օրենքը տարածքային պահանջ չի պարունակում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև որևէ այլ երկրի նկատմամբ: Արման Դիլանյանը «Ազատության» հետ զրույցում տարածքային պահանջների վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնյաների մեղադրանքները որակել է սին՝ հատուկ ընդգծելով, թե այն մինչև հանրաքվեի դնելը փորձաքննությունների է ենթարկվել, այդ թվում՝ միջազգային կառույցներում:
Ամիսներ առաջ, երբ Սահմանադրական դատարանը քննում էր սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը, որոշել էր՝ Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն Սահմանադրության նորմի ուժ, որոնք տեղափոխվել են հռչակագրից Սահմանադրություն: Երեկ Բարձր դատարանի նախագահն ընդգծել է՝ Սահմանադրության նախաբանը հռչակագրի մաս չէ:
ՍԴ նախագահի այս սպառիչ բացատրությունները, թերևս, փակում են Բաքվի պահանջով նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգը:
Բայց անդրդվելի են մնում ոչ միայն Բաքվի պաշտոնյաները, այլև նրանց հիմնական խոսափողի վերածված Նիկոլ Փաշինյանը, ով տառացիորեն օրեր առաջ պնդեց, թե Սահմանադրության նախաբանից պետք է հանվի Անկախության հռչակագրին արվող հղումը:
Բայրամովը, Ամիրբեկովը շարունակում են պնդել, թե Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը բանակցային գործընթացում քննարկվել է դեռ 2022թ-ից: Փաշինյանն այս պնդումը չի հերքում:
Այս իրավիճակը Հայաստանի համար խիստ վտանգավոր պատկեր է ստեղծում, որովհետև Փաշինյանի թեթև ձեռքով Հայաստանի Սահմանադրության հարցը դարձել է բանակցային գործընթացի մաս:
Եթե Բաքվի պահանջն ընդունվի, Հայաստանը վերածվելու է ադրբեջանական ենթապետության:
Մեր հասարակության կանխատեսելի «Ոչ»-ը նույնպես վտանգներ է ստեղծում, որովհետև Բաքվում դա ներկայացվելու է որպես Հայաստանի ժողովրդի «ռևանշիզմի» դրսևորում՝ դրանից բխող վտանգավոր հետևանքներով:
Եվ ուրեմն, քաղաքական ուժերի խնդիրն է՝ բոլոր հասանելի միջոցներով հասնել նրան, որ Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական գործընթացը տապալվի:
Մեկ տարի առաջ այս հարցով «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությանը հաջողվել էր քաղաքական լայն կոնսենսուս ձևավորել, առաջիկա օրերին կներկայացնենք մեր պատկերացրած գործընթացի «Ճանապարհային քարտեզը»»: