«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս իր հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե Հայաստանի կողմից արվել է ամեն ինչ, որ ռուսները հեռանան Ղարաբաղից: «Ղարաբաղի կորուստն ուղղակի հետևանք է Պրահայում ստորագրած հայտարարության, ո՞ւր է Մակրոնը, ո՞ւր է Շառլ Միշելը, ո՞վ է դրանց տեղը հիմա հիշում»,- նշել էր նա։
Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է. «Փաշինյանն ու ՔՊ-ն 2018 թվականին իշխանության են բերվել օտար ուժերի կողմից մի քանի նպատակով։ Առաջինը՝ Արցախն ամեն գնով հանձնել Ադրբեջանին: Երբ Մոսկվան 44-օրյա պատերազմի օրերին մի քանի անգամ, երբ դեռ Արցախը հայկական էր, Շուշին հայկական էր, փորձում էր կանգնեցնել պատերազմը, Փաշինյանը մերժել է Մոսկվայի առաջարկությունը։ Ռուս խաղաղապահներն Արցախում կարողացել են կայունացնել իրավիճակը, սակայն ՓաշինյանԱլիև կուլիսային պայմանավորվածության արդյունքում, Արևմուտքի հրահանգով Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ինչի արդյունքում Բաքուն ռազմական ագրեսիա սկսեց Արցախի դեմ, իսկ ռուս խաղաղապահները ստիպված եղան հեռանալ Արցախից»։
Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն ինչ արել են, որ Արցախը հայաթափվի, իսկ Արցախից, ապագայում նաև ՀՀ-ից հեռանան ռուսական զորքերը, ՀՀ-ում զրոյանա ռուսական ռազմա-քաղաքական ազդեցությունը, կարծում են հեղինակները։ Երկրորդ նպատակը, ըստ նրանց, ինչի համար Փաշինյանն ու քպական կլանը բերվել են իշխանության, ՀՀ-ՌԴ դաշինքի խզումն է և ՀՀ-ի տեղափոխումը Արևմուտքի, իսկ դե-ֆակտո՝ թուրքական ազդեցության գոտի։ «Փաշինյանն ու թիմը ՀՀ-ից կերտում են «Արևմտյան Ադրբեջան», իսկ ՀՀ քաղաքացիներին դա ներկայացնում են որպես «Իրական Հայաստան»։ Քպականները ցանկանում են ամեն գնով վերարտադրվել 2026 թվականին, որպեսզի շարունակեն ՀՀ-ից կերտել թուրքական վիլայեթ:
Հիմա «Զանգեզուրի միջանցքը» դեռ չի բացվել, ինչպես նաև ՀՀ-ից դուրս չեն բերվել ռուսական զորքերը։ Իսկ դա նշանակում է, որ Արևմուտքն ամեն ինչ անելու է, որպեսզի Փաշինյանը մնա իշխանության: Ալիևն ու Էրդողանն էլ իրենց հերթին ամեն ինչ կանեն Փաշինյանի զրոյական վարկանիշը բարձրացնելու համար, օրինակ՝ կբացեն հայթուրքական սահմանն ու ընտրությունների նախաշեմին կվերադարձնեն Բաքվում պահվող հայ ռազմագերիներին»,գրում է ալիքն ու հավելում, թե պատահական չէ, որ Արևմուտքը լռում է, երբ Փաշինյանը ոստիկանության միջոցով ցրում է ընդդիմության ցույցերը, հալածում է Հայ Առաքելական եկեղեցուն, բանտերն է նետում ընդդիմադիրներին։
Վերջում հեղինակներն ամփոփում են, որ ՀՀ քաղաքացիները պետք է ընտրեն՝ ցանկանո՞ւմ են նրանք ունենալ հայրենիք, թե՞ պատրաստ են ապրել «Արևմտյան Ադրբեջանում»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

















