«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության վերջին նիստից հետո ՔՊ-ում այլևս կասկած չունեն, որ Նիկոլ Փաշինյանը դեմոկրատիա է խաղում՝ առաջարկելով արդարադատության նախարարի պաշտոնում թեկնածություններ առաջադրել։ Իրականում ինքն է որոշելու, թե ում է նշանակելու, պարզապես դա կուսակցական ընտրության շղարշի տակ է ուզում ներկայացնել: Իսկ երբ պահը գա, իր թեկնածուին կբերի ու կհորդորի, որ քվեարկեն նրա օգտին։
Նախօրեին վարչությունը մերժեց չորս թեկնածուներից երկուսին՝ Արմեն Խաչատրյանին, Ալեքսանդր Սիրունյանին, իսկ Նազելի Բաղդասարյանն ու Սուրեն Գրիգորյանը բացարկ էին հայտնել։ Սիրունյանին ոչ մեկը կողմ չի քվեարկել, Արմեն Խաչատրյանին կողմ են եղել Արփի Դավոյանը, Վահագն Ալեքսանյանը, ևս մեկ վարչության անդամ։ Նիստի ժամանակ ասվել է, որ կսպասեն նոր առաջադրումների։
Ի դեպ, տեղեկություններ կան, որ ՔՊ վարչությունը որոշել է, որ առաջիկա թեկնածուները կարող են կուսակցական չլինել, հակառակ դեպքում, հնարավոր է չկարողանան ընտրություն կատարել»։