«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանը ձգտում է ամեն գնով նվազեցնել կախվածությունը ԵԱՏՄ-ից և Ռուսաստանից՝ հատկապես հայկական ապրանքների արտահանման առումով։ Դրա համար մտածում է, որ անհրաժեշտ է գտնել նոր շուկաներ, հատկապես՝ ասիական և եվրոպական։ Թեև հասկանում է, որ այդ դեպքում երկիրը կորուստներ կունենա` զրկվելով այն արտոնություններից, որոնք կան ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից։
Մեզ հասած տեղեկություններով, կառավարության ֆինանսական բլոկում քննարկվում են բյուջեի հավանական դեֆիցիտը կրճատելու, ռիսկերը նվազագույնի հասցնելու հարցերը և, բնականաբար, գլխավոր լուծումը տեսնում են Հարկային օրենսդրության փոփոխությունների, այսինքն` հարկերը բարձրացնելու մեջ:
Ի՞նչ է կոնկրետ առաջարկում «մեծն տնտեսագետ» Նիկոլ Փաշինյանը: Նա 3 ուղղությամբ է տեսնում լուծումը` 1. բարձրացնել հարկերն այնպիսի ապրանքների վրա, ինչպիսիք են ծխախոտը, ալկոհոլը, վառելիքը և այլն, 2. սահմանել շքեղության հարկ, 3. խստացնել եկամտահարկի շրջանակը բնակչության համար: Նա հասկանում է, որ ընտրություններից առաջ դա չի կարող անել` դա կնվազեցնի իր վերարտադրվելու շանսերը, ուստի մտադիր է այս փոփոխություններին գնալ խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո։ Միևնույն ժամանակ կարծում են, որ բյուջեի մուտքերի ավելացումը հակառակ էֆեկտը կունենա` կօգնի հայկական ապրանքների արտահանումը դեպի այլ շուկաներ վերակողմնորոշելու գործընթացում»։