«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու ընտրություններից առաջ իշխանությունն այլևս չի կարողանում քողարկել իր ջղաձգումները։ Շուրջօրյա ռեժիմով աղմկահարույց շոուներ են բեմադրվում՝ իշխանության՝ շրիշակից ցածր վարկանիշը բարձրացնելու և այս անգամ էլ ընտրություններում հաղթելու համար: Այդ ճանապարհին չեն խնայում անգամ յուրայիններին. նախօրեի գիշերը մասկի-շոու արեցին Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի նկատմամբ, երեկ գլխավոր դատախազը միջնորդություն ուղարկեց ԱԺ՝ երկու պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, հերթական` 5-րդ անգամ բերման էր ենթարկվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի թիկնազորը, որն օրինական կարգով ձևակերպված ծառայություն է մատուցում:
Ուրբաթ օրը ՔՊ-ի հետ փակ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի թաքցրել իր տագնապներն ու վախերը Գյումրու ընտրությունների հետ կապված և հասկացրել է թիմին, որ դա իրենց վերջի սկիզբն է լինելու, ուստի յուրաքանչյուր ոք պետք է անմասն չմնա մարտի 30-ին կայանալիք ընտրություններից։ Տեղեկացանք նաև, որ Փաշինյանն ուժային կառույցներին հրահանգել է՝ ինչքան հնարավոր է, շատ աղմկահարույց գործեր բացահայտել և հրամցնել հանրությանը, որ համոզեն, թե ինքը կատարում է իր խոստումները»։