«Հրապարակ» թերթը գրում է․«ՔՊ վարչության անդամներին Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ ավելի մեծացնել եկեղեցու դեմ ճնշումը։ Հոգեւորականներին վերագրվող զարհուրելի պատմություններ նետել դաշտ, նյարդերի պատերազմ վարել՝ ամեն օր թունավորելով ու վարկաբեկելով եկեղեցու սպասավորներին։ Իսկ երբ ժամանակը գա, նաեւ ապացույցներ, փաստեր կհրապարակեն, որոնք ձեռք են բերվել իրավապահ մարմիններին ապօրինի հրահանգներ տալու եւ մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հետեւանքով։ Առայժմ դեռ հապաղում են «բացահայտումներ անել»՝ վախենալով, որ հանրության համբերության բաժակը կարող է լցվել, եւ հակառակ էֆեկտը լինել։
Զուգահեռաբար, իշխանությունը նաեւ եկեղեցու ներսում է աշխատանքներ տանում՝ տարբեր հոգեւորականների միջոցով Գարեգին Բ-ի դեմ կոալիցիա ստեղծելու եւ նրան հեռացնելու համար պարարտ հող ստեղծելու նպատակով։ Սակայն այս պահի դրությամբ նման հոգեւորականները, ըստ մեր աղբյուրների, դեռ փոքրամասնություն են եւ դժվար էլ կարողանան մեծամասնություն դառնալ ու եկեղեցու ներսում «իշխանափոխություն» իրականացնել»։