«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Մարտի 15-ին Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում մասնակցեց մետաղաձուլարանի բացման արարողությանը, որը Իլհամ Ալիեւի պահանջով Երասխից տեղափոխվեց Արարատ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործարանի տնօրենը, որը Փաշինյանին դիմավորեց արարողակարգի խախտումով, նախկինում դատապարտված է եղել:
Խոսքը Գրիգոր Տեր-Ղազարյանի մասին է, որը կոստյում հագնելու, փողկապ կրելու փոխարեն ներկայացել էր ջինսե տաբատով: Նա «Ջի Թի Բի» ընկերության սեփականատերն է, որն այդ անվան տարբեր վերջավորություններով զանազան ընկերություններ է հիմնել վերջին տարիներին: 2022-ի հուլիսին հիմնադրվել է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն, որի միակ մասնակիցը՝ համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, «Ջի Թի Բի Հոլդինգս» ՍՊԸ-ն է։ Սա էլ առաջինից մի քանի ամիս ավելի վաղ է ստեղծվել՝ 2022 թ. մարտին։ Այստեղ 50 տոկոս մասնակցություն ունի Նոնո Արմենի Սարգսյանը՝ Գրիգոր Տեր-Ղազարյանի կինը, նույնքան էլ՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը։ 2024 թ. հոկտեմբերի 24-ին հիմնադրվել է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որի իրական շահառուն նույն Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ 97.5 % բաժնեմասով, 1 % մասնակցություն ունի Հնդկաստանի քաղաքացի Սուլախան Սինղը, 1,5 %՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը։
Հավելենք, որ նա «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախկինում՝ 2009 թվականին, դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):