Աշխատանքային այցով ԱՄՆ մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վաշինգտոնում գործող Աստվածաշնչի թանգարան, որին նվիրել է Գրիգոր Նարեկացու միջնադարյան նկարազարդ մատյանի կրկնօրինակը:
Փաշինյանը թանգարանի գլխավոր տնօրեն Աարոն Ռոսսի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահներում և ուսումնասիրել ներկայացված ցուցանմուշները։ Էքսպոզիցիայում տեղ են գտել նաև հայկական քրիստոնեական մշակույթի նմուշներ, այդ թվում՝ հայկական հնագույն Աստվածաշունչը։
Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ խորապես տպավորված է ցուցադրությամբ:
Մատյանը համարվում է «Մատյան ողբերգության» աղոթագրքի աշխարհում հայտնի ամենահին օրինակներից մեկը։ Բնագիրը ստեղծվել է 1173 թվականին Կիլիկիայում՝ նշանավոր գրչագիր ու մանրանկարիչ Գրիգոր Սկևռացու կողմից, Ներսես Լամբրոնացու պատվերով։ Ձեռագիրը այժմ պահվում է Մատենադարանում և համարվում է հայկական գրավոր և մանրանկարչական արվեստի եզակի գլուխգործոցներից մեկը։
Օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առանձին հանդիպումներին կհաջորդի եռակողմ հանդիպումը։