Պատերազմը և այլ մեծ աղետները մարդկանց կյանքը բաժանում են «մինչև» և «հետո» հատվածների։ Հաճախ «մինչև»-ը խամրում է, իսկ «հետո»-ն դառնում է մշուշոտ ու անորոշ։ 2020 թվականի արցախյան պատերազմը և դրա հետևանքները ձևավորեցին խորքային և բազմաշերտ ազդեցություն՝ սոցիալական ու տնտեսական դժվարություններից մինչև լուրջ հոգեբանական հետևանքներ։ Մասնագետները սա անվանում են կոլեկտիվ տրավմա։
Կոլեկտիվ տրավման այն վիճակն է, երբ փոխվում են ոչ միայն առանձին մարդկանց կյանքերը, այլ նաև այն իմաստային համակարգը, որով հասարակության անդամները գնահատում ու հասկանում են իրականությունը։ Խուսափողական վարքագիծը, դյուրագրգռությունը, սեփական կյանքի թերարժևորումը կամ ապագայի հանդեպ անվստահությունը թուլության նշան չեն․ դրանք անորոշության և անկայունության պայմաններին բնական արձագանքներ են։
Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը, համագործակցելով հայաստանյան ու միջազգային լավագույն մասնագետների հետ, մշակել և իրականացնում է հոգևոր-հոգեբանական խմբային աջակցության ծրագրեր, որոնք մարդկանց օգնում են բացահայտել իրենց իրական ներուժը, որպեսզի ապագան նորից դառնա հնարավոր։ Աջակցության ծրագրերն անվճար են և բոլորի համար։
«Տրավման շեղում է մարդկանց բնական պլանավորման ունակությունները, սահմանափակում ընտրության ազատությունը և խաթարում ապագայի հանդեպ վստահությունը», – Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի կազմակերպած «Պատերազմի անտեսանելի հետևանքներ. կոլեկտիվ տրավմա և առաջարկվող լուծումներ» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց հոգեբան Տիգրան Դովլաթյանը։
Պանելային քննարկման բանախոսներն էին ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ղեկավար Միրա Անտոնյանը, Հիմնադրամի մեթոդաբանության մշակման թիմի ղեկավար, հոգեբան Տիգրան Դովլաթյանը և Հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անի Մանուկյանը։
Հայաստանում վերջին տարիներին ստեղծվել են մի շարք հոգեբանական և վերականգնողական ծրագրեր, որոնք փորձել են աջակցել մարդկանց՝ վերապրելու պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական մարտահրավերները։ Սակայն, ինչպես նշում է Միրա Անտոնյանը, միջազգային հետաքրքրությունը ժամանակի ընթացքում աստիճանաբար նվազել է, և մենք այսօր մնացել ենք միայնակ։ Մասնագիտական աջակցության էկոհամակարգի ստեղծումը և որակյալ ու հասանելի աջակցության տրամադրումն այսօր դարձել է հրամայական։
Վերականգնման հենց այդպիսի հոգևոր-հոգեբանական ծրագրեր է առաջարկում Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը, որոնց կարելի է ծանոթանալ revival.am կայքում կամ սոցմեդիայի էջերում։ Հիմնադրամի նորարար ծրագրերը օգնում են մարդկանց բացահայտել իրենց իրական ներուժն ու ձևավորել ապագայամետ մտածողություն։
Տրամադրվող աջակցությունը խմբային ձևաչափով է, որը, ինչպես քննարկման ընթացքում նշեցին մասնագետները, օգնում է մարդկանց հաղթահարել ամոթի ու խտրականության զգացումը, հասկանալ, որ իրենք միայնակ չեն, և իրենց ապրումներն ու զգացումները աննորմալ իրավիճակին նորմալ արձագանք են։
«Ամբողջ հասարակությունը կրում է պատերազմի հոգեբանական հետևանքները։ Մեր նորարարական ծրագրերը օգնում են մարդկանց վերագտնել իրենց։ Նրանց տալիս ենք «այբուբեն» ու «քերականություն», թե ինչպես ձևակերպել ու տեսնել ապագան. դա ընտրության հարց է», – ընդգծում է Անի Մանուկյանը։
Հայաստանի տարբեր համայնքներում հոգևոր-հոգեբանական աջակցություն տրամադրելու համար Հիմնադրամը պարբերաբար վերապատրաստում է սոցիալական աշխատողների ու հոգեբանների։ Վերապատրաստման վերջին և ամենամասշտաբային եռափուլ ծրագրով վերապատրաստվել և հոգևոր-հոգեբանական մեթոդի մասնագետի որակավորում են ստացել ավելի քան երկու տասնյակ մասնագետներ, ովքեր փետրվարի 18-ին ստացան իրենց ավարտական վկայականները։
Նրանք առաջիկայում ներգրավվելու են Հիմնադրամի ծրագրերում՝ աջակցելու մարդկանց հաղթահարել պատերազմի հոգեկան հետևանքները, վերականգնել անձնական կայունությունը և ներքին ամբողջականությունը։
«Տրավմայի մեջ գտնվող մարդուն չի բուժի մեկուսացումը կամ անտեսումը. անհրաժեշտ է խոսել, համագործակցել և աջակցել», – պանելային քննարկման ընթացքում նշեց ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը։
Պանելային քննարկման ավարտին մասնագետները ընդգծեցին, որ ակտիվ աշխատանքը, համագործակցությունը և հասանելի մասնագիտական աջակցությունը այսօր խիստ անհրաժեշտ են։ Եթե ոչինչ չփոխվի, վախով ապրող, անպաշտպան հասարակությունը կշարունակի խոցելի մնալ։ Իսկ համայնքային աջակցությամբ և պատմական, հոգևոր ու մշակութային արժեքների իմաստավորմամբ հնարավոր է մարդկանց վերադարձնել վստահությունն ու պատկանելիության զգացումը, ինչը կօգնի առաջ շարժվել, և ապագան կդառնա ոչ թե որպես հետևանք, այլ գործողությունների արդյունք։
Հոգևոր-հոգեբանական խմբային աջակցության ծրագրերն անվճար են և բաց բոլորի համար։

















