ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը անդրադարձել է նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի՝ իրանցի ըմբիշի հետ եզրափակիչ գոտեմարտի բողոքարկման ընթացքին:
«Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրավոր պատասխանել է՝ նշելով, որ մրցավարները ճիշտ են դատել:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, կցելով ֆեդերացիայի բողոքարկումը և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանը, դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին: Առաջին արձագանքը հետևյալն էր՝ «Ի լրումն ուղարկեք, թե որ դրվագում կոնկրետ ինչն է բողոքարկվում»: Առաջիկա մեկ-երկու օրերին հավելյալ փաստեր կուղարկվեն բողոքարկման հանձնաժողով: Մենք ունենք տեսագրություններ, որտեղ նույն դրվագի համար՝ այլ գոտեմարտում, գորգից դուրս եկողին զգուշացրել են, իսկ հակառակորդին տվել են միավոր: Այսինքն՝ ունենք փաստ, որ Արթուր Ալեքսանյանի դեպքում եղել է ճիշտ հակառակ վերաբերմունք: Առավել քան վստահ ենք՝ Արթուր Ալեքսանյանն այդ գոտեմարտում չէր պարտվի, հատկապես որ դրանից հետո որևէ միավոր չի եղել, որևէ գործողություն չի եղել: Պայքարելու ենք մինչև վերջ, հույսեր ունեմ, որ ազնիվ կգտնվեն և արդարությունը կվերականգնվի»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Հայաստանի Օլիմպիական հավաքականը մեդալներ նվաճած 91 հավաքականների շարքում 66-րդն է` 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով։ Հայաստանի ներկայացուցիչներից ՕԽ փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, մարմնամարզիկ Վահագն Դավթյանն ու ծանրորդ Վարազդատ Լալայանը, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին: