«Հրապարակ» թերթը գրում է. « Հակակոռուպցիոն կոմիտեում ՊՆ-ին առնչվող մի շարք քրեական գործեր են քննվում։ Դրանցից մեկը վերաբերում է 10 ձնագնացների ձեռքբերմանը։ Բանն այն է, որ ՊՆ-ն եվրոպական արտադրության ձնագնացներ է գնել՝ շուկայական արժեքից մի քանի անգամ թանկ գնով։ Ձնագնացների ձեռքբերման հետ կապված՝ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանին, որը համակարգում է մատակարարումների ոլորտը, հարցրինք ձնագնացների մասին, քանի որ սա տեղեկությունները ճշտելու ամենակարճ ճանապարհն էր։ Սակայն նա շնորհավորեց մեզ բանակի տոնի առթիվ եւ հորդորեց իրեն նամակ գրել՝ խոստանալով, որ կպատասխանի բոլոր հարցերին, եթե դրանք գաղտնիք չեն պարունակում։ Հակակոռուպցիոն կոմիտեի մեր աղբյուրը հաստատեց՝ այո, նման վարույթ կա, բայց այն հարուցվել է ոչ թե վերջերս, այլ՝ 2024 թվականին»: