ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի ապրիլի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան անսարք վիճակում դուրս է եկել երթի և վթարի ենթարկվել:
«Մասնավորապես՝ դեպքից առաջ՝ 2024 թվականի ապրիլի 9-11-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Գ.-ն և Հ.Հ.-ն ավտոմեքենայի տեխնիկական խնդիրների վերաբերյալ տեղեկացրել են զորամասի տեխնիկական մասի պետին և զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին, սակայն վերջիններս երթը չթույլատրելու մասով որևէ գործողություն չեն կատարել:
Ավտոհավաքակայանում Վ.Պ.-ն և Ս.Հ.-ն մեքենան փաստացի չեն ստուգել, սահմանափակվել են միայն ձևական գործողություններ կատարելով, ինչի հետևանքով անսարքություններ չեն հայտնաբերվել, և թույլատրվել է երթը, որի արդյունքում ավտոմեքենան տեխնիկական անսարքության պատճառով հայտնվել է ձորում:
Վթարի հետևանքով մահացել է 4 զինծառայող, 18 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի, զորամասի տեխնիկական մասի պետի, ավտոմոբիլային ծառայության պետի, զորամասի հրաձգային գումարտակի երկու հրամանատարների նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) և զորամասի տեխնիկական մասի հսկիչ-պետի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):
2024 թվականի դեկտեմբերի 16-ին քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: