ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ է տվել Balchug Capital ընկերությանը ձեռք բերել Goldman Sachs Bank ՍՊԸ-ն՝ ամերիկյան Goldman Sachs բանկային խմբի ռուսական դուստր ձեռնարկությունը, գրում է Forbes-ը։
Balchug Capital ընկերությունը պատկանում է Balchug Capital հիմնադրամին (նախկինում Copperstone Capital), որը կառավարում է ավելի քան 250 միլիոն դոլար արժողությամբ ակտիվներ: Այն ստեղծվել է 2009 թվականին Վարդան և Դավիթ Ամարյան եղբայրների կողմից: Դավիթ Ամարյանը նախկինում հինգ տարի աշխատել է «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունում, որը հիմնել է ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը։
Goldman Sachs բանկը ՌԴ-ում բացվել է 2008-ին, սակայն 2022-ի մարտին, Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից հետո, Goldman Sachs-ը որոշել է դադարեցնել իր գործունեությունը ՌԴ-ում: