«Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային թղթակից Ջոշուա Կուչերին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, Ադրբեջանի պահանջներին ու հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
«Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները, որոնք ներառված են Հայաստանի գործող Սահմանադրության մեջ, մնում են Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացում հետագա առաջընթացի միակ խոչընդոտը»,- նշել է Ամիրբեկովը։
Ըստ Ամիրբեկովի՝ այս պահին բանակցություններին նպաստող գործոններից մեկն այն է, որ երկու կողմերն էլ համաձայնության են եկել մնացած հարցերից ամենավիճահարույցի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ։
«Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք հանել այս կետը խաղաղության համաձայնագրից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ… Այսպիսով, մենք որոշեցինք հանել այն տեքստից, բայց դեռ կարող ենք արտացոլել այն փաստը, որ սա այն հարցերից մեկն է, որին երկրները կարող են վերադառնալ ապագայում՝ քննարկելու և համաձայնության գալու համար»,- եզրափակել է նա։