Այսօր Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հանդիպում է ունեցել մի շարք իրավաբանների և իրավապաշտպանների հետ՝ վերջիններիս խնդրանքին ընդառաջ։ Այս մասին տեղեկանում ենք Մասյացոտնի թեմի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
«Հանդիպման ընթացքում Հայր Ռուբենը ներկայացրեց վերջին 15 օրերին Մասյացոտնի թեմում տեղի ունեցած մտահոգիչ զարգացումները, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քահանաների հոգևոր ծառայության նկատմամբ արձանագրված խոչընդոտները, սպառնալիքները, միջամտությունները և այլ չարաշահումներ։
Մասնակիցները ծանոթացան քահանաների կողմից ներկայացված ահազանգող հաղորդագրություններին, որոնցում հստակորեն, անուն առ անուն նշված են եղել այն պաշտոնյաները, ովքեր ճնշումներ կամ միջամտություններ են իրականացրել տվյալ քահանաների նկատմամբ։ Ցավոք, նմանատիպ դեպքերը մինչ օրս շարունակվում են։
Ընդգծվեց նաև, որ այս ճնշումներն ու սպառնալիքները ծանր ազդեցություն են թողել ոչ միայն քահանաների ծառայության վրա, այլև նրանց ընտանիքների, ինչպես նաև տվյալ ծուխերի անդամների հոգեվիճակի և ներքին խաղաղության վրա։
Նշված խնդիրները ներկայացվել են նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

















