Օրերս ԶԼՄ-ներից մեկը «բացառիկ տեղեկություններ» էր հրապարակել, որ «Քանաքեռում կրակոցներ են հնչել»: Հրապարակման մեջ նշվում էին նաև անուններ, վիրավորի մասին տեղեկություն, նաև, որ «ոստիկանությունից այս մասին որևէ տեղեկություն չունեն և չեն հաղորդում, հավանաբար նախարարի հրաման կա` ընտրություններից առաջ խոշոր միջադեպերը կոծկել»։ Թեմային անդրադարձել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նա մասնավորպես նշել է․
«Արդեն մեկնաբանել ենք, որ նշվածի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում որևէ ահազանգ չի ստացվել, այդուհանդերձ, հրապարակված տեղեկությունը ստուգվել է։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ստուգողական գործողությունների ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հրապարակման մեջ նշված տեղեկությունը չի հաստատվել։
Կոչ ենք անում ԶԼՄ գործընկերներին հրապարակել միայն ճշտված տեղեկություններ, առավել ևս, ապատեղեկատվություն տարածելով չանել անհիմն եզրակացություններ»։

















