«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից Կոմիտեի կոլեգիայի, ղեկավարության անդամները, ինչպես նաև մի շարք հայեցողական և քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք պարգևատրվել են «ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական մեդալով։ Նման պարգևների են արժանացել նաև համակարգի գործող և նախկին այլ աշխատակիցներ։
«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ մեդալով պարգևատրվածներից մեկը Նիկոլ Փաշինյանի, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, ԱԱԾ նախկին տնօրենի գաղտնալսման գործը քննող քննիչ, ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանն է:
Այո՛, նա նույն քննիչն է, որի հետ դեռևս 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը հարցաքննության սենյակում սելֆի արեց ու այն հրապարակեց՝ նշելով. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է ու պատասխանում է նրա հարցերին»: Դե իսկ հիմա Փաշինյանին չեն էլ հրավիրում. նրան առնչվող գործերը ուղղակի անտեսվում են»։