ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 31-ին ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի (Concours Mondial de Bruxelles) տնօրեն Քվոնտան Հավուին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական ընկերությունների ներկայացրած գինիների մի քանի տեսակներ վերջին երկու տարիներին մասնակցել են Concours Mondial de Bruxelles կարմիր և սպիտակ գինիների մրցույթին և արժանացել 35 մեդալի՝ ոսկի և արծաթ:
Ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է հայկական գինիների հաղթանակի կարևորությունը հեղինակավոր այս մրցույթին թե՛ հայկական գինեգործական հնագույն ավանդույթների ներկայացման, և թե՛ հայկական գինիների միջազգային ճանաչման տեսանկյունից: Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը կրկին մասնակցության հայտ է ներկայացնել 2025 թվականի Concours Mondial de Bruxelles-ին և ակնկալում է հեղինակավոր համտեսային մրցույթում հաղթելու դեպքում 2026 թվականին մեծ պատրաստակամությամբ և բարձր մակարդակով հյուրընկալելու և անցկացնելու այն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում խաղողագործության և գինեգործության ոլորտի զարգացմանը, հայկական գինու հանրահռչակմանն ու միջազգային շուկաներում հայկական գինու դիրքերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։