«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ից տեղյակ աղբյուրը տեղեկացնում է, որ արդեն ոչ միայն նիկոլյան մերձավոր շրջանակներում, այլ նաեւ մի փոքր ավելի ցած ՔՊ-ական կանգնած շերտը՝ գործող պատգամավորներից եւ նոր խորհրդարանում մանդատների հավակնողներից շատերը եւս սկսել են հասկանալ, որ Էջմիածնի ընտրությունները ոչ թե լավատեսության, այլ միայն մռայլ մտորումների տեղիք են տալիս: Կան համեմատաբար հեռուն տեսնող որոշ անձինք, որոնք անգամ չեն ցանկանում խաղի մեջ մտնել. «Մի մեծ մասսա կա, որոնք պատրաստ են կաշվից էլ դուրս գալ, որ անցողիկ տեղում հայտնվեն: Միայն թե հասկանում են, որ այս տարբերակով, անցողիկության ցուցիչը նկատելիորեն նվազելու է: Ամեն մի տեղը «ոսկու արժեք» ունի, եւ ամեն մի տեղի համար պետք է պոտենցիալ մրցակիցների «կոկորդը կրծել»: Ու այդպես էլ սկսել են «շեֆին» ամեն կերպ հաճոյանալուց զատ, կամաց կամաց իրար ուտել»:

















