Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) հայտարարել է, որ Գերագույն ռադայի գործող պատգամավորին մեղադրանք է առաջադրվել 297,000 դոլարի չափով ապօրինի հարստացման համար։
«Հետաքննությունը պարզել է, որ 2020-2021 թվականներին կասկածյալը ձեռք է բերել ընդհանուր առմամբ գրեթե 13 միլիոն գրիվնա (297,000 դոլար — խմբ.) ակտիվներ, որոնք զգալիորեն գերազանցում են նրա պաշտոնապես հայտարարագրված եկամուտը», — ասվում է գործակալության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի տվյալներով, որը հղում է անում իրավապահ մարմինների սեփական աղբյուրներին, խոսքը Ուկրաինայում արգելված «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Կաչնի մասին է:
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) տվյալներով՝ պատգամավորը միջոցներն օգտագործել է Նիկոլաևի մարզի Կոբլևո գյուղում Սև ծովի ափին գտնվող տնակ և հողամաս, ինչպես նաև Կիևի կենտրոնում գտնվող 132.6 քառակուսի մետր մակերեսով բնակարան գնելու համար։ Գործակալությունը հայտնում է, որ պատգամավորին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման համար, որը նախատեսում է մինչև տասը տարի ազատազրկում և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ մինչև երեք տարի ժամկետով։

















