ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե The Insider պարբերականի հրապարակումը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ռուսական միջամտության և ռուս դիվանագետների ենթադրյալ լրտեսական գործունեության վերաբերյալ կեղծ և սադրիչ բնույթ ունի։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ այդ հրապարակումը կեղծ է, իսկ The Insider պարբերականին անվանել է «օտարերկրյա գործակալ, որը կատարում է իր արտասահմանյան կուրատորների պատվերները»։ Հայտարարել է, թե «այդ հրապարակումը սադրանք է՝ միտված Ռուսաստանի դիվանագետների վրա հոգեբանական ճնշում գործադրելուն և ընտրություններից առաջ Հայաստանի հասարակության վախ սերմանելուն»։
Հայտարարության մեջ նշվում է, որ հրապարակման հեղինակները ՌԴ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների կենսագրական տվյալները ներկայացնելուց թույլ են տվել փաստական բազմաթիվ սխալներ և անճշտություններ։ ՌԴ ԱԳՆ-ն հավելել է, թե The Insider-ի հրապարակած սքրինշոթերը հավաստի չեն՝ շեշտելով, թե պարբերականը չի կարողացել ներկայացնել որևէ համոզիչ փաստ՝ հրապարակման հավաստիությունը հաստատելու համար։
Հիշեցնենք, որ The Insider-ը մայիսի 19-ին ծավալուն հոդված էր հրապարակել՝ հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր ազդեցության, ՌԴ նախագահի վարչակազմում Հայաստանի ուղղությամբ տարվող աշխատանքների համակարգման և Երևան ուղարկված պատասխանատուների մասին:

















