Ռուբեն Վարդանյանի գործով առկա են դատավարական գործընթացի ձգձգման որոշակի միտումներ։ Այս մասին հայտարարել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ դատական քննությունն ավարտված է, դատարանը գտնվում է խորհրդակցական սենյակում, և սպասվում է, որ դատավճիռը կհրապարակվի ընթացիկ ամսվա ավարտին։
Միաժամանակ Սահակյանն ուշադրություն է հրավիրել գործով տեղի ունեցած, իր գնահատմամբ, տարօրինակ զարգացումների վրա։ Մասնավորապես, դեկտեմբերի 27-ին նշանակված նիստի ընթացքում նախատեսված էր վերջին խոսքի իրավունքի տրամադրում, սակայն նիստը հետաձգվել է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանի առողջական խնդիրների պատճառաբանությամբ։ Այնուհետև նշանակված մեկ այլ նիստ ևս հետաձգվել է՝ այս անգամ այն հիմնավորմամբ, որ դատարանը գտնվում է խորհրդակցական սենյակում։
Իրավապաշտպանը նշել է, որ եթե դատարանի խորհրդակցական սենյակում գտնվելը իրականում հանդիսանար հետաձգման պատճառ, ապա նույն հիմքով պետք է հետաձգվեր նաև դեկտեմբերի 27-ի նիստը, այլ ոչ թե նշվեր փաստաբանի առողջական վիճակը։

















