ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը փետրվարի 26-ին հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին կից երիտասարդ խորհրդարանականների պալատի ներկայացուցիչներին:
Ալեքսեյ Սանդիկովը հյուրերին է ներկայացրել Հայաստանի օրենսդիր մարմնում իրականացվող «Բաց դաս», «Ճանաչողական այց», «ԱԺ ամառային դպրոց» եւ այլ նմանատիպ ծրագրերը, որոնք հնարավորություն են ընձեռում հայ երիտասարդներին ծանոթանալու Հայաստանի Ազգային ժողովի կառուցվածքին, հիմնական գործառույթներին: Նա նաեւ նշել է, որ խորհրդարանում իրենց ուսումնական փորձաշրջանն են անցնում Հայաստանի տարբեր բուհերում սովորող ուսանողները:
Անդրադարնալով երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությանը՝ պատգամավորը նշել է, որ Հայաստանի երիտասարդները մասնակցում են ՌԴ Դաշնային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի նախաձեռնությամբ իրականացվող «Հիշողության գնացք» կրթամշակութային նախագծին: Հյուրերի խնդրանքով պատգամավորը խոսել է նաեւ Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:
Ռուս երիտասարդները ներկայացրել են պալալտի կողմից իրականացվող ծրագրերը, կազմակերպվող միջոցառումները: Նրանք հույս են հայտնել, որ հայ երիտասարդներն իրենց մասնակցությունը կունենան կազմակերպվող տարբեր միջոցառումներին:

















