Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները դրական են զարգանում»,-Կրեմլում Ալիևի հետ հանդիպմանն ասել է Պուտինը:
ՌԴ նախագահն անդրադարձել է երկկողմ ապրանքաշրջանառության ծավալներին՝ ընդգծելով, որ դրանք կազմում են 4,3 մլրդ դոլար, իսկ ռուսական ուղղակի ներդրումները Ադրբեջանի տնտեսությունում գերազանցել են 4 մլրդ դոլարի շեմը։
Նա նաև Ադրբեջանի նախագահին հրավիրել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:
Մինչդեռ Ալիևն իր խոսքում ասել է, որ Պուտինի՝ այս տարվա օգոստոսին Ադրբեջան կատարած պետական այցից հետո երկկողմ հարաբերությունների դինամիկան բավականին նկատելի է։
«Այսօր լավ հնարավորություն կա կրկին անդրադառնալու այս հարցերին, քանի որ քննարկման օրակարգը բավականին ծավալուն է։ Իսկ այն նախագծերը, հատկապես նորերը, որոնք մենք նախանշել ենք օգոստոսին Բաքվում, պահանջում են մեր մշտական ուշադրությունն ու վերահսկողությունը։ Այսօր լավ հնարավորություն է ևս մեկ անգամ օրակարգով անցնելու և կոնկրետ քայլեր սահմանելու մեր ձեռք բերած պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար», – ասել է Ալիևը։