Հոկտեմբերի 7-ին Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը (ВГТРК) ենթարկվել է լայնածավալ հաքերային հարձակման։ Россия 1 և Россия 24 հեռուստաալիքների առցանց հեռարձակումն ընդհատվել է, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Gazeta.ru ինտերնետային պորտալը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ «օնլայն հեռարձակումը և ներքին ծառայությունները չեն աշխատում, նույնիսկ ինտերնետ կամ հեռախոսակապ չկա»։ Միաժամանակ նշվում է, որ չնայած Ռուսաստանի օգտատերերին հասանելի չեն Россия 1 և Россия 24 հեռուստաալիքների առցանց հեռարձակումները, թվային հեռուստատեսային հեռարձակումն աշխատում է առանց ընդհատումների։
Պարբերականի զրուցակցի խոսքով՝ սա աննախադեպ հաքերային հարձակում է։ «Խնդիրը շատ լուրջ է, և վերականգնումը երկար ժամանակ կպահանջի: Ես լսել եմ, որ նրանք ջնջել են ամեն ինչ, ներառյալ կրկնօրինակները»,- ասել է նա։
ВГТРК -ն հաստատել է «աննախադեպ հաքերային հարձակումն» իր առցանց ծառայությունների վրա: Միաժամանակ մամուլի ծառայությունը պնդում է, որ մեդիա հոլդինգի աշխատանքը «էական վնաս չի կրել», և «ամեն ինչ նորմալ է աշխատում»։
Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը ներառում է Россия 1, Россия 24, Россия Культура դաշնային հեռուստաալիքները, ավելի քան 80 տարածաշրջանային հեռուստառադիոընկերություններ, որոնք հեռարձակվում են Ռուսաստանի բոլոր մարզերում, ինչպես նաև արտերկրում հեռարձակվող РТР-Планета հեռուստաալիքը և հինգ ռադիոկայան՝ Радио России, Маяк, Культура, Вести ФМ և Юность։