Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները միանշանակ և համարժեք կարձագանքեն Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի «Իվանների» վերաբերյալ արած հայտարարություններին, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Նման բացահայտ կոպիտ նեոնացիստական կարգախոսները տեղ չունեն որևէ ինքնահարգանք ունեցող հասարակությունում, հատկապես հայկական հասարակությունում, որն այդքան զգայուն է պատմական հարցերի և սեփական պատմության նկատմամբ ընդհանրապես։ Մենք ակնկալում ենք համարժեք և միանշանակ արձագանք Հայաստանի իշխանություններից», — չորեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Շիրակի մարզպետի հայտարարությունները։
Ավելի վաղ Առուշանյանը Ֆեյսբուքում քննադատել էր «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության կողմից կազմակերպված Շիրակի օրվա տոնակատարությունները՝ մասնավորապես գրելով, որ «Գյումրեցիները ձեր Իվանները չեն»։ Հայաստանի իշխանությունները կարծում են, որ Սամվել Կարապետյանի գլխավորած կուսակցությունը ռուսամետ է և առաջ է մղում ռուսական շահերը երկրում։

