Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն առաջարկում է սինոդական կառույց ստեղծել՝ որպես իշխանություն-եկեղեցի հարաբերություններում ճգնաժամից ելք: Պոլսո Հայոց պատրիարքարան հայտնում են, որ այս հայտարարությունը նա արել է Վիեննայում գումարված Եպիսկոպոսական հավաքի բացման նիստի իր ուղերձում:
Ըստ արքեպիսկոպոսի՝ սա կամրապնդի Մայր Աթոռի և Ամենայն Հայոց կաթողիկոսի դիրքերը: Մաշալյանն առաջարկել է նաև սահմանել Ազգային եկեղեցական ժողովի գումարման հստակ ամսաթիվ։
Սինոդական կառույցը կրոնական-եկեղեցական կառավարման բարձրագույն մարմին է՝ բաղկացած բարձրաստիճան հոգևորականներից:
Պոլսո պատրիարքը, նշելով, որ երկկողմանի գրգռիչ գործողություններն ու արտահայտությունները խորացնում են իրավիճակը, շեշտել է, որ Գերագույն հոգևոր խորհուրդը հեղինակազրկվել է: Ըստ նրա՝ սինոդական կառույցի կազմում կարող են ընդգրկվել նաև որոշ ընդդիմադիր հոգևորականներ։ Սա, Մաշալյանի կարծիքով, կարող է հող նախապատրաստել անցումային շրջանում ելքեր որոնելու համար։
«Սա առիթ է, որ Եպիսկոպոսաց ժողովն ընտրի 12 ավագ եպիսկոպոսներ, որպեսզի այս շրջանում Մայր Աթոռի կառավարման գործին նեցուկ կանգնեն Վեհափառ Տիրոջը:
Եթե Մայր Աթոռը չստանձնի այս վարչական բարեփոխումը, կվախենամ, որ ներկա Գերագույն հոգևոր խորհրդի կազմով Վեհափառ Հայրապետի հեղինակությունն անբաղձալի կերպով կթուլանա», — նշել է նա:

















