Վերջին օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները, որոնք մեծ մտահոգություն են առաջացնում յուրաքանչուր հայի մոտ, ով առաջնորդվում է ազգային գաղափարներով և իր հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ պատասխանատվության զգացումով։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը:
«Սամվել Կարապետյանը մշտապես եղել է Արցախի կողքին՝ թե՛ պատերազմական օրերին, թե՛ պետականաշինության դժվարին փուլերում՝ կիսելով արցախցիների հոգսերը, կանգնելով մեր ժողովրդի կողքին։ Արցախի յուրաքանչյուր բնակիչ անձամբ է զգացել մեծ բարերարի հոգատարությունն ու հպարտացել նրա հայրենանվեր գործունեությամբ։
Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումները շարունակությունն են այն համակարգված քաղաքականության, որով թիրախավորվում են մեր ազգային արժեքները՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ընթացքում ձեռք բերված փառապանծ հաղթանակները։
Անընդունելի եմ համարում ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործողությունները։ Իմ զորակցությունն եմ հայտնում Կարապետյան ընտանիքին, ուժ և համբերություն մաղթելով նրանց՝ խորապես հավատալով, որ ի վերջո կհաղթի արդարությունն ու ճշմարտությունը։
Առաջ Աստված»,- ասված է հայտարարության մեջ: