Գործարար, բարերար Սամվել Կարապետյանին տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Փաստաբանական խմբի համար այս որոշումն անսպասելի է։
Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Լիանա Գասպարյանն Aysor.am-ին ասել է, որ Սամվել Կարապետյանը պետք է տեղափոխվեր «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, բայց շատ անսպասելիորեն նրան տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։
«Չեմ կարող ասել, թե ինչու նման որոշում կայացվեց, բայց անսպասելի էր»,- նշեց նա։
Փաստաբանն ասաց, որ իր գործընկերներից մեկը գիշերն այցելել է Կարապետյանին, մյուս գործընկերը այս պահին Կարապետյանի մոտ է, ինքն էլ կազմում է բողոք՝ Վերաքննիչ դատարան ներկայացնելու համար։
Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է, նրան կալանավորելու որոշում կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանը՝ բավարարելով Քննչական կոմիտեի միջնորդությունը։
Ըստ ՔԿ-ի՝ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: