Արդարացի որոշում չեմ ակնկալում ՍԴ-ից. փողոցից չենք խուսափում, բայց ճանապարհի վերջը պիտի տեսնենք: Այս մասին հայտարարել է պատգամավոր և քաղաքական գործիչ Լևոն Քոչարյանը:
«Արդարացի կլիներ, եթե ՍԴ-ն արձանագրեր քարոզարշավի և ընտրությունների օրը իշխող «ՔՊ»-ի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումները: Ծախսվել է հայտարարագրվածից մի քանի անգամ ավելի գումար, քվեարկության մասնակիցների թվի և մատյանների գրառումների միջև կա 30 հազար ձայնի տարբերություն, ինչպես նաև իրավապահ համակարգն օգտագործվել է սեփական քարոզչության և ընդդիմախոսների վրա ճնշում գործադրելու համար»։
Քոչարյանն աբսուրդային է որակել այն իրավիճակը, երբ ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը չեն մասնակցելու հայցերի քննությանը, իսկ Սեդա Սաֆարյանին դա թույլատրվել է։ Նա հիշեցրել է, որ Սաֆարյանը 2021 թվականին եղել է «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակում, մինչդեռ այսօրվա բողոքներից մեկը հենց այդ քաղաքական ուժինն է։
Քաղաքական գործիչը նշել է, որ հայցերի քննությունն իրականացվելու է բանավոր ընթացակարգով, ինչը հանրությանը հնարավորություն կտա հետևել գործընթացին և հետևություններ անել։
«Մենք երբեք չենք բացառել փողոցային պայքարը, բազում անգամներ եղել ենք փողոցում, պայքարել ենք, դրա արդյունքում մարդիկ տուժել և զրկանքներ են կրել, մինչև հիմա էլ շարունակում են դա անել, այնպես որ մենք մեր կենսագրությամբ ցույց ենք տվել, որ դրանից չենք խուսափում։ Ուղղակի դա անելու համար պետք է մինչև վերջ ճանապարհը տեսնել, կամ գոնե որոշակի հավանականություն տեսնել դա անելուց առաջ: Հիմա էլ, կարծում եմ օրակարգում կա այդ հարցը կա, թեման փակ չէ: Նորից եմ ասում, այստեղ արդեն մնացած հանգամանքներն է, որ պետք է հաշվի առնել, մնացած ուժերի հետ համատեղ է պետք այդ ամեն ինչը անել: Ես կարծում եմ ցանկացած բան՝ կլինի ընտրություններ, կլինի փողոցային պայքար, այստեղ մի ուժի հարց չէ»,- ասել է նա։
