«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ակտիվ քաղաքական շփումների մասին վերջերս շատ են խոսում տարբեր շրջանակներում: Առաջիկա քաղաքական գործընթացներին նրանց հնարավոր ակտիվացման մասին ոմանք անգամ հեռուն գնացող ենթադրություններ են անում, ոմանք էլ պնդում են, որ Սերժ Սարգսյանը միշտ է ակտիվ շփումների մեջ` ոչ մի արտառոց բան չկա դրանում։
Սակայն երեկ լուր ստացանք, որ երրորդ նախագահը կարճատև ուղևորություն է ունեցել դեպի Ռուսաստան` հանդիպել է մոսկվաբնակ հայ մեծահարուստների մի խմբի հետ: Թերևս, շոշափել է նրանց տրամադրությունները` կապված առաջիկա արտահերթ քաղաքական գործընթացների և իր հնարավոր ակտիվացման հետ, իհարկե` ոչ սեփական դեմքով, այլ թարմ, նոր ուժերի միջոցով։
Առհասարակ, բոլոր ուժերում և հատկապես իշխանության ներսում արտահերթ ընտրությունների հետ կապված քննարկումներ կան: Այս թեմայի շիկացմանը հատկապես նպաստում է Նիկոլ Փաշինյանը` իր ակտիվ պահվածքով, նախընտրական քարոզարշավ հիշեցնող քայլերով: Չնայած ՔՊ-ականներից ոմանք դեռ հավատում են նրա խոսքերին և ասում են, որ նա ամիսներ առաջ իրենց վստահեցրել է, թե արտահերթ չի լինելու»։