Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում հայտարարել է, որ առաջիկայում սպասվում է զարգացում Հայաստան–Թուրքիա հարաբերությունների հարթությունում։
Նրա խոսքով՝ քաղաքական երկխոսության մակարդակում արդեն իսկ տրամաբանական լուծումներ են գտնվել, և այժմ ակնկալվում է, որ այդ գործընթացները գործնական արտահայտություն կունենան նաև տեղում։ «Անհավատալի և աներևակայելի պոզիտիվ միջավայր է, որտեղ մենք հայտնվել ենք»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ սա դեռ չի նշանակում, թե բոլոր հարցերը վերջնականապես լուծված են, սակայն դրանց լուծման բոլոր բանաձևերը արդեն առկա են։
Փաշինյանը նաև շեշտել է, որ տարածաշրջանում խաղաղության հեռանկարի պայմաններում ակնհայտ է դառնում մեծ ներդրումների և ֆինանսական հոսքերի ներհոսքը։ Նրա գնահատմամբ՝ սա Հայաստանի համար չափազանց դրական նորություն է։
Վարչապետը անդրադարձել է նաև միջազգային գործընկերների դերակատարությանը՝ նշելով, որ արդեն հստակ պատկերացվում է, թե որ ոլորտներում և ինչ ձևաչափերով պետք է ներգրավված լինի Միացյալ Նահանգները։ Միևնույն ժամանակ նա կարևորել է Եվրամիության հետ համագործակցության խորացումը։ «Կարծում եմ՝ ԵՄ գործընկերների հետ պետք է մանրամասն քննարկենք նաև ԵՄ ներգրավվածության ձևաչափերը և կոնկրետ նախագծերը։ Մենք շատ շահագրգռված ենք դրանում»,- ասել է վարչապետը։

















