Գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող հայկական «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանը քաղաքական կուսակցություն է ստեղծում։ Ստեղծվելիք կուսակցությունն արդեն իսկ ունի իր ԶԼՄ-ն, որը կոչվում է «Զեկույց»։ Հայտնում է «Փաստինֆո»-ն։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ կուսակցություն ստեղծելու որոշումը «Սպայկա»-ի ղեկավարությունը կայացրել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի առաջարկով։
Ըստ «Փաստինֆո»-ի աղբյուրի՝ հենց Արա Աբրահամյանն է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի միջամտությամբ օգնել «Սպայկա»-ին լուծել ՌԴ իրավապահների հետ ունեցած խնդիրները, որոնց հետևանքով ընկերության բեռնատարների մուտքը Ռուսաստանի Դաշնություն շուրջ կես տարի արգելված էր։ Աբրահամյանը փոխարենը բանակցել է, որպեսզի ընկերությունն ընդդիմադիր կուսակցություն ստեղծի։
«Սպայկա»-ի աղբյուրները «Փաստինֆո»-ին հայտնել են, որ վարորդներից և աշխատակիցներից արդեն իսկ պահանջել են իրենց ընտանիքի անդամների ու հարազատների անձնական տվյալները՝ կուսակցությանն անդամագրելու համար։
«Փաստինֆո»-ն փորձել է Դավիթ Ղազարյանից մեկնաբանություն ստանալ, բայց զանգերը մնացել են անպատասխան։

















