Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնատար անձն իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, հովանավորչություն կատարելու համար ստացել է կաշառք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը կազմակերպել է համալսարանի նույն ամբիոնի երկու դասախոսների՝ դասապրոցեսների ընթացքում չնախատեսված արձակուրդ տրամադրելու, դասաժամերն այլ դասախոսներին բաշխելու գործընթացը և դրա դիմաց 2025 թվականի հոկտեմբերին որպես կաշառք ստացել տարբեր չափերի գումարներ: Բացի այդ, ամբիոնի վարիչն ասպիրանտի օգտին հովանավորչության, այն է՝ ատենախոսության պաշտպանության գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով ընդունել է վերջինիս կաշառք տալու առաջարկը և 2025 թվականի դեկտեմբերին նրանից որպես կաշառք ստացել ոսկյա զարդ։ Ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), իսկ նրան կաշառք տված 3 դասախոսներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ամբիոնի վարիչի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:


