Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելը Հայաստանի ժողովրդի կամքն է։
«Մենք այդ կամքը ՀՀ ԱԺ-ում քննարկելու ենք, քվեարկելու ենք ու որոշում ենք կայացնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը չի կարծում, որ ռուսական կողմը պետք է այդքան մեծ մտահոգություն ունենա այս որոշման հետ կապված։
«Չեմ կարծում, որ որևիցե ձևով համագործակցությունը համատեղելը կարող է խնդիր հանդիսանալ։ Եթե իրենց համար դա խնդիր է, կարծում եմ՝ չկա այդպիսի խնդիր, որ Հայաստանն ու Ռուսաստանը չեն կարող իրար հետ քննարկել, կարող ենք քննարկել ու լուծումներ գտնել»,- ասաց նա։
Սիմոնյան խոսքով՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է ու ինքն է որոշում, թե ինչ օրենք ընդունի, որն է բխում իր շահերից ու որը՝ ոչ։
ԱԺ նախագահն ասաց, որ տնտեսական առումով ԵԱՏՄ-ն ձեռնտու կառույց է Հայաստանի համար ու որևիցե միտում չկա լքելու ԵԱՏՄ-ն։
«Ուզում ենք շարունակել, իսկ ՀԱՊԿ-ի մասին նոր բան չեմ կարող ասել»,- ընդգծեց նա։