Դոնալդ Թրամփը մեկնաբանել է երեկ Էր Ռիադում կայացած ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները: ԱՄՆ նախագահը հայտարարել է. «Ես գոհ եմ Սաուդյան Արաբիայում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցություններից։ Դրանք լավ են անցել: Այժմ ես շատ ավելի վստահ եմ գործարքի հնարավորության հարցում: Ռուսաստանը ցանկանում է ինչ-որ բան անել, դադարեցնել վայրի բարբարոսությունը»:
Թրամփը նշել է, որ մտադիր է խաղաղության հասնել Ուկրաինայում, և զինադադարը սկզբնական փուլն է: Նա չի բացառել, որ մինչև ամսվա վերջ կարող է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահն իր հիասթափությունն է հայտնել ուկրաինական կողմին:
«Անչափ հիասթափված եմ լսել, որ Ուկրաինան մտահոգված է բանակցությունների սեղանի շուրջ տեղ չունենալու կապակցությամբ: Երեք տարի շարունակ ուկրաինացիները հնարավորություն ունեին նստել բանակցությունների սեղանի շուրջ, և ռազմական հակամարտությունը կարող էր լուծվել Ուկրաինայի համար առանց տարածքային մեծ կորուստների»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի կարծիքով՝ ժամանակն է Ուկրաինայում ընտրություններ անցկացնել: Նա ակնարկել է, թե դա անհրաժեշտ է բանակցություններին Կիևի մասնակցելու համար: Այդ հայտարարությունը Թրամփն արել է Ռուսաստանից հնչող հայտարարությունների ֆոնին, թե «Վոլոդիմիր Զելենսկին ոչ լեգիտիմ նախագահ է», որի հետ Մոսկվան չի կարող պայմանագիր ստորագրել:
Ըստ ԱՄՆ նախագահի տվյալների՝ Ուկրաինայի առաջնորդի վարկանիշն ընկել է՝ հասնելով 4 տոկոսի: «Երկիրը բզկտված է, քաղաքների մեծ մասը՝ ավերված, շենքերը փլուզված են, հանրապետությունը վերածվել է հսկայական տարածքի, որը պետք է հիմնովին քանդել և վերակառուցել: Եվ դա այն դեպքում, երբ Ռուսաստանը Կիևը հրթիռակոծել է իր ուժերի ընդամենը 20 տոկոսով, չնայած ցանկության դեպքում կարող էր և 100 տոկոսով»,- ընդգծել է ԱՄՆ ղեկավարը: