ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հաքերները մուտք են գործել կենտրոնացված ՀԴԲ տվյալների բազա։
«Մենք հենց նոր լսեցինք այս մասին, և ես կասեմ, որ դա լավ չէ։ Ինձ դա դուր չի գալիս», — ասել է Թրամփը Fox News-ին։
Նա խոստովանել է, որ այն բաները, որոնք այլապես կմնային չբացահայտված, այժմ կարող են լույս աշխարհ գալ։
«Կար այս ամբողջ «Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան» խաբեությունը։ Կային այլ խաբեություններ, ինչպես Ուկրաինայի հետ կապված… Կային շատ այլ բաներ, և գուցե հիմա մենք պարզենք ճշմարտությունը», — ասել է Թրամփը՝ առանց մանրամասնելու, թե ինչ նկատի ուներ։
Սպիտակ տան ղեկավարը չի բացառել, որ ընտրակեղծիքների մասին տեղեկատվությունը կարող է հիմա ի հայտ գալ և ընդգծել է, որ ինքը փորձում է ամեն ինչում դրականը փնտրել։
«Հենց որ դուք նշեցիք սա, և ես ինքս լսեցի դրա մասին մի փոքր առաջ, ես մտածեցի. «Դե, սա հետաքրքիր իրավիճակ է»։ «Հետաքրքիր է, թե ով է կանգնած սրա հետևում», — ավելացրել է նա։
CNN-ը, հղում անելով աղբյուրներին, նախկինում հաղորդել էր, որ հաքերները մուտք են գործել ՀԴԲ-ի կենտրոնացված տվյալների բազա, որը երկրի ոստիկանական ուժերն օգտագործում են օրդերի մասին տեղեկատվություն փոխանակելու և անձնական տեղեկությունները ստուգելու համար։
Սա վերջին ժամանակներում ՀԴԲ հարթակների վրա երկրորդ կիբերհարձակումն է։ Սեպտեմբերին Shiny Hunters հաքերային խումբը պնդում էր, որ կոտրել է ՀԴԲ-ի հետ կապված մի քանի ծառայություններ և հասանելիություն է ստացել գործակալության բոլոր աշխատակիցների և աշխատանքի դիմորդների տվյալներին։ Բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը նշել է, որ ՀԴԲ-ն մի քանի ձերբակալություններ է կատարել այս գործի շրջանակներում և շարունակում է նույնականացնել խմբի անդամներին։

