ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման մասին։ Նրա խոսքով՝ հրադադարը կտևի երկու շաբաթ և կլինի փոխադարձ։
«Հիմք ընդունելով Շարիֆի և Մունիրի հետ ունեցած զրույցները և նրանց խնդրանքը՝ հետաձգել Իրանի նկատմամբ ոչնչացնող ուժի կիրառումը՝ պայմանով, որ Իրանը պատրաստ է լիովին և անվտանգ բացել Հորմուզի նեղուցը, համաձայն եմ 2 շաբաթով դադարեցնել ռմբակոծությունը»,- գրել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ սա «մեծ օր է համաշխարհային խաղաղության համար» և ընդգծել, որ ԱՄՆ-ը կաջակցի նեղուցում երթևեկության ակտիվացմանը և տարածաշրջանում տնտեսական գործընթացներին։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ այս քայլը պետք է դիտարկել որպես ԱՄՆ-ի հաղթանակ՝ հիշեցնելով, որ գործողությունը նախապես գնահատվել էր 4-6 շաբաթ տևողությամբ։
ԱՄՆ վարչակազմը վստահ է, որ առաջիկա շաբաթները կարող են վճռորոշ լինել տարածաշրջանում լարվածության նվազեցման համար։

















